
Իզմիրլյան հիմնադրամն ընդլայնում է քաղցկեղով հիվանդ խոցելի երեխաների բուժօգնությունը Հայաստանում
Հայաստանում քաղցկեղի հնարավոր լավագույն բուժման և խնամքի արդարացի հասանելիության ապահովում

Երևանի պետական համալսարանի Սարկիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի 503 ընթերցասրահում ուսանողները մնում են մինչև երեկոյան ժամը 21:00-ը։ Խոշոր վերանորոգումից հետո ընթերցասրահի լուսավոր և ժամանակակից միջավայրը վճռորոշ դեր ունեցավ ուսանողների հոսքի ավելացման գործում։
Ճշգրիտ գիտությունների ընթերցասրահի վերանորոգումն իրականացրել է Իզմիրլյան հիմնադրամը՝ գրադարանի ենթակառուցվածքների բարելավման ծրագրի շրջանակում։
«Սա իսկապես խոշոր վերանորոգում էր, քանի որ ընթերցասրահից, այսպես ասած, միայն չորս պատ էր մնացել։ Այժմ այն ամբողջությամբ վերանորոգված է։ Փոխարինվել են էլեկտրական մալուխներն ու հատակը, տեղադրվել են նոր ջեռուցման և օդափոխության համակարգեր, ինչը մեզ հնարավորություն է տալիս երկարացնել ընթերցասրահի աշխատանքային ժամերը մինչև ուշ երեկո։ Խոշոր վերանորոգմանը զուգահեռ, ընթերցասրահն ամբողջությամբ կահավորվեց ԵՊՀ միջոցներով»,- ասում է գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանը։
Ընթերցասրահը սպասարկում է ԵՊՀ ճշգրիտ գիտությունների ֆակուլտետների ուսանողների, դասախոսների և հետազոտողների կարիքները։ Սակայն դրանից օգտվում են նաև ԵՊՀ մյուս ուսանողները, ինչպես նաև այլ բուհերի ու ինստիտուտների ուսանողներ։
«503 ընթերցասրահն ունի ապակեպատ երեք տարածք՝ նախատեսված տարբեր խմբային հանդիպումների և քննարկումների համար։ Ամենամեծը կարող է ընդունել մինչև 30 մարդ և, ըստ տնօրենի, զբաղված է ամբողջ օրվա ընթացքում։ Քննարկումներ անցկացնելուց բացի, ընթերցասրահում տեղադրված մոնիտորը հնարավորություն է տալիս կապ հաստատել տարբեր երկրների դասախոսների հետ՝ հեռավար ուսուցման համար»,— ասում է Եզնիկ Միրզոյանը։
Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող Ենոք Մարտիրոսյանն ընթերցասրահի ակտիվ այցելուներից է։ «Հիմնանորոգումից առաջ ընթերցասրահը շատ վատ ֆիզիկական վիճակում էր։ Միջավայրը նպաստավոր չէր ընթերցանության կամ պարապելու համար։ Վերանորոգումից առաջ ես պարապում էի կա՛մ գրադարանի 5-րդ և 6-րդ հարկերի միջանցքներում, կա՛մ տանը, բայց արդիականացումից հետո միջավայրն ավելի հյուրընկալ է դարձել։ Կարող եմ նստել, հանգիստ պարապել, հետո գնալ տուն։ Դիզայնն ու գույները շատ գրավիչ են և գրադարանին հարիր։ Անձնակազմը նույնպես շատ ուշադիր է և հյուրընկալ։ Նրանք հոգ են տանում ուսանողների հարմարավետության մասին, օրինակ՝ ուսանողը կցանկանա՞, որ օդորակիչը միացվի, թե՞ անջատվի»,— ասում է Ենոքը։
Նրա խոսքով՝ 503-ում կան առանձին սենյակներ, որոնք շատ հարմար են խմբային պարապմունքների և քննարկումների համար։ «Վերջերս սենյակները համալրվեցին Clevertouch առցանց գրատախտակներով, որոնք իդեալական են մաթեմատիկա սովորելու համար, քանի որ վիզուալիզացիան իսկապես ավելի է օգնում լավ հասկանալուն և երևույթների մտապատկերի ձևավորմանը, քան կավիճով գրատախտակը»։
Ի տարբերություն Ենոքի՝ նույն ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Հասմիկ Խուրշուդյանը չի տեսել ընթերցասրահի վիճակը մինչև վերանորոգումը։ Նա կարող է միայն երևակայական համեմատություն անել ավագ կուրսեցիներից լսածի հիման վրա և ասում է, որ իր բախտը բերել է՝ հենց սկզբից սովորելու ամբողջությամբ վերանորոգված ընթերցասրահում։
«Ես շատ հաճախ եմ օգտվում գրադարանից։ Այստեղ եմ ազատ ժամանակս՝ և՛ դասերի ընթացքում, և՛ դրանցից հետո։ Օրական գրեթե երեք-չորս ժամ անցկացնում եմ ընթերցասրահում։ Շատ հարմարավետ և հյուրընկալ միջավայր է, որտեղ կարելի է ոչ միայն օգտվել գրքերից, այլև պատրաստվել դասերին և քննարկումներ անցկացնել։ Ամեն ինչ արված է, որ ուսանողներն արդյունավետ օգտագործեն իրենց ժամանակը։ Ես սիրում եմ պարապել լռության մեջ, և 503 ընթերցասրահը հենց այդ վայրն է ինձ համար»։
Գրադարանի տնօրենը հիշեցնում է, որ 2019 թվականին Իզմիրլյան հիմնադրամը նմանատիպ վերանորոգում է իրականացրել 501 ընթերցասրահում։
«Երբ ծրագրի առաջին փուլում վերանորոգեցինք 501 ընթերցասրահը, ուսանողների մեծ հոսք եղավ։ Իհարկե, բոլորը նախընտրում են սովորել լավ միջավայրում։ Ուսանողները սկսեցին տարբեր ընթերցասրահներից վերցնել իրենց գրքերը՝ միայն թե գան 501՝ կարդալու։ Այժմ նույն իրավիճակն է 503-ի հետ։ Այսօր մեր երկու վերանորոգված ընթերցասրահները համապատասխանում են առաջատար միջազգային համալսարանների ընթերցասրահների չափանիշներին»,— ասում է նա։
Վերանորոգում է իրականացվել նաև գրադարանի պատշգամբներում, որտեղ տեղադրվել են սեղաններ։
«Նույնիսկ նրանք, ովքեր պնդում էին, որ գրադարանը քիչ այցելուներ ուներ, այժմ ասում են, որ գրադարան հոսքն ավելացել է։ Վկայությունները ցույց են տալիս, որ որակյալ միջավայրը գրավում է բոլորին։ Ուսանողների արձագանքը նույնպես շատ դրական է։ Երբ վերանորոգումն ընթացքի մեջ էր, նրանք պարբերաբար գալիս էին նայելու և հետաքրքրվում էին, թե ի վերջո ինչ տեսք կունենա այն։ Ուսանողներն սկսեցին ակտիվորեն տարածել վերանորոգված ընթերցասրահը սոցիալական ցանցերում՝ ցույց տալով, թե ինչ տեսք ուներ գրադարանի միջավայրը։ Դրանից հետո այլ ֆակուլտետների ուսանողներն սկսեցին հետաքրքրվել, թե երբ կվերանորոգվեն իրենց ֆակուլտետի ընթերցասրահները»։
Ըստ Եզնիկ Միրզոյանի՝ ուսանողների արձագանքը ոգևորիչ էր նաև Իզմիրլյան հիմնադրամի համար։ «Տարիներ առաջ, երբ այս երկու ընթերցասրահները դեռ ամբողջությամբ վերանորոգված չէին, և վերանորոգում իրականացվել էր միայն պատշգամբներում, հիմնադրամի ներկայացուցիչը, գրադարանում շրջելիս, հարկերից մեկում մոտեցավ ուսանողներին և հետաքրքրվեց նրանց կարծիքով՝ միջանցքներում կատարված վերանորոգման վերաբերյալ։ Ստացված արձագանքի հիման վրա մեկնարկեցին ընթերցասրահների խոշոր վերանորոգման աշխատանքները։ Այդպես է հիմնադրամի ներկայացուցչի յուրաքանչյուր այցի ժամանակ։ Նրանք միշտ խոսում են ուսանողների հետ, լսում նրանց կարծիքը, քանի որ հիմնադրամի վերջնական նպատակն է ուսանողների համար ստեղծել որակյալ և անվտանգ միջավայր»։
ԵՊՀ Սարկիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանն ունի չորս ընթերցասրահ, որոնք սպասարկում են ուսանողներին և դասախոսներին։ Կա նաև ևս մեկը, որը հիմնականում նախատեսված է ատենախոսությունների և պարբերականների համար։ Տնօրենը հույս ունի, որ մնացած ընթերցասրահները, ինչպես նաև ամբողջ գրադարանը, ապագայում կունենան նույնպիսի վիճակ։
«Մեր ուսանողները հսկայական օգուտ են ստանում ԵՊՀ-ի և Իզմիրլյան հիմնադրամի համագործակցությունից։ Վստահ ենք, որ այն կշարունակվի։ Երախտապարտ ենք Իզմիրլյան հիմնադրամին տասնամյակների աջակցության և մեր ուսանողների վրա ունեցած փոխակերպող ազդեցության համար»,— ասում է գրադարանի տնօրենը։

Հայաստանում քաղցկեղի հնարավոր լավագույն բուժման և խնամքի արդարացի հասանելիության ապահովում
Իզմիրլյան հիմնադրամի աջակցությամբ վերաբացվել է ԵՊՀ գրադարանի առաջին հարկը

Հատուկ կարիքներով երեխաների համար սպորտի և ֆիզիկական ակտիվության հասանելիության ապահովում