Անցնել հիմնական բովանդակությանը

Անվանի բարերար Դիկրան Իզմիրլյանի որդին՝ Սարկիս Իզմիրլյանը, այցելել է Մարի Իզմիրլյանի մանկատուն

Անվանի բարերար Դիկրան Իզմիրլյանի որդին՝ Սարկիս Իզմիրլյանը, այցելել է Մարի Իզմիրլյանի մանկատուն
Անվանի բարերար Դիկրան Իզմիրլյանի որդին՝ Սարկիս Իզմիրլյանը, այցելել է Մարի Իզմիրլյանի մանկատուն

Այսօր անվանի բարերար Դիկրան Իզմիրլյանի որդին՝ Սարկիս Իզմիրլյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ուղեկցությամբ այցելեց Մարի Իզմիրլյանի մանկատուն՝ ծանոթանալու վերջին վերանորոգման աշխատանքներին և հաստատությունում մատուցվող ծառայությունների շրջանակին։

Նախարար Նարեկ Մկրտչյանի, փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանի, Իզմիրլյան հիմնադրամի երկրի տնօրեն Արմեն Չոբանյանի և «Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին հաստատությունում և ծանոթացան ընթացիկ ծրագրերին։

Այցի ընթացքում նախարար Մկրտչյանը ներկայացրեց երեխաների իրավունքների ոլորտի առաջնահերթությունները՝ մասնավորապես ընդգծելով խնամքի հաստատություններում գտնվող երեխաներին մատուցվող ծառայությունների շարունակական բարելավման կարևորությունը։ Այս համատեքստում քննարկվեց Իզմիրլյան հիմնադրամի հետ հնարավոր հետագա համագործակցությունը՝ ընդգծելով երեխաների լավագույն շահերից բխող համատեղ ջանքերի անհրաժեշտությունը։

«Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը ներկայացրեց փորձնական ծրագիրը, որի շրջանակում բժշկական կենտրոնի մասնագետների թիմը՝ ֆիզիոթերապևտներ, հոգեբաններ և վերականգնողաբաններ, կմատուցի անհրաժեշտ ծառայություններ մանկատանը բնակվող շուրջ 30 երեխայի՝ նպաստելով նրանց լիարժեք ինտեգրմանը հասարակությանը։

Հարկ է նշել, որ Իզմիրլյան հիմնադրամի աջակցությամբ և «Աղբյուր» հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին աջակցող հիմնադրամի հետ համագործակցությամբ Իզմիրլյանի անվան մանկատանը վերանորոգվել է հինգ մասնագիտացված սենյակ։ Բացի այդ, ֆիզիոթերապիայի համար նախատեսված տարածքները վերանորոգվել և կահավորվել են։