Ամփոփում
Աջակցել հայկական հիմքով նախաձեռնությանը՝ համաշխարհային ընդգրկումով, որը փոխակերպում է ուռուցքաբանական գիտելիքի, մասնագիտական փորձի և հիվանդների տեսակետների փոխանակման ձևը ամբողջ աշխարհում։
2023 թվականին հիմնադրված OncoDaily-ն կարճ ժամանակում դարձել է ուռուցքաբանության առաջատար միջազգային հարթակ՝ աշխարհի տարբեր երկրներում միավորելով ուռուցքաբանների, բուժաշխատողների, պացիենտների, հետազոտողների և կազմակերպությունների։ Միայն վերջին մեկ տարվա ընթացքում հարթակն ունեցել է ավելի քան 6,7 միլիոն ակտիվ օգտատեր՝ ավելի քան 180 երկրից։ Սա ցույց է տալիս հայերի հիմնադրած նախաձեռնության միջազգային լայն ազդեցություն ունենալու ներուժը։
OncoDaily-ի առաքելությունն է լինել ուռուցքաբանության ձայնը՝ տեսլականով դառնալ ուռուցքաբանական տեղեկատվության ամենաարագ, ամենահուսալի և ամենանորարար համաշխարհային աղբյուրը՝ այդպիսով ստեղծելով տարածք, որտեղ մասնագետները, հիվանդները և քաղցկեղի համայնքի այլ անդամներ կարող են նպաստել քաղցկեղի բուժման ապագայի ձևավորմանը։
2025 թվականին OncoDaily-ն ձեռք բերեց CancerWorld-ը՝ վաղուց հաստատված եվրոպական ուռուցքաբանական հրատարակությունը՝ ավելի ամրապնդելով իր միջազգային ընդգրկումը և գիտելիքի փոխանակման ու տեղեկացված երկխոսության հարթակի իր դերը համաշխարհային քաղցկեղի համայնքում։
Հենվելով ուռուցքաբանության մեջ իր հաջողության վրա՝ OncoDaily-ն այժմ ընդլայնվում է բժշկության այլ ոլորտներ՝ ներառյալ հեմոստազը և պտղաբերությունը։ Առաջիկա հինգ տարիների ընթացքում այն նպատակ ունի տարածել իր մոդելը ավելի քան 50 կենսաբժշկական ոլորտների վրա՝ ստեղծելով ավելի լայն համաշխարհային հարթակ վստահելի բժշկական գիտելիքի, մասնագիտական տեսակետների և հիվանդների ձայների փոխանակման համար։
Ինչպես նշել է Հորդանանի Նորին Արքայական Բարձրություն արքայադուստր Դինա Միրեդը՝ «OncoDaily-ն հրաշալի հարթակ է, որը ուռուցքաբանության ոլորտի ողջ համայքնի համար ստեղծել է միասնական մասնագիտական միջավայր»։
OncoDaily-ում իր ներդրման միջոցով «Իզմիրլյան» հիմնադրամն աջակցում է հայերի կողմից հիմնադրված նախաձեռնությանը, որը միավորում է առողջապահությունը, նորարարությունն ու տեխնոլոգիաները` համաշխարհային սոցիալական ազդեցություն ունենալու նպատակով: Այս նախաձեռնությունը միաժամանակ նպաստում է միջազգային բժշկական համայնքում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանն ու դերակատարության ամրապնդմանը: